Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել բավականին ինտրիգային «բացահայտմամբ» կապված «Ազգային համաձայնության դաշինք» ձեւավորվելու եւ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններում այդ դաշինքի ցուցակով Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու համար:
Հետաքրքրական է, որ ըստ առաջին նախագահի, «տեղի չի ունեցել, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժել է այդ առաջարկը, դա պատճառաբանելով, որ «դրանով դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա որևէ կարծիք չի արտահայտել»։
Ըստ Տեր-Պետրոսյանի «Ազգային համաձայնության դաշինքը» ենթադրում էր երեք նախագահներին աջակցող քաղաքական միավորների կողմից միասնական ճակատի կազմում եւ այդ ֆորմատով հանդես գալ առաջիկա ընտրություններում` հանուն Փաշինյանի վարչախմբի` ասպարեզից հեռացման:
Երկրորդ նախագահի գրասենյակից պատասխանը չուշացավ, սակայն ուշագրավ է հատկապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հնչած պատասխանը: Այնտեղ, «Սարգսյանական դիվանագիտությամբ» հնարավոր համագործակցության բոլոր կամուրջները, իհարկե, չեն այրվում , սակայն շատ հետաքրքիր ձեւակերպումներով խուսանավում կա:
Մասնավորապես ասվում է. «Միևնույն ժամանակ հիշեցնում ենք Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահի հայտնած դիրքորոշումը առ այն, որ ՀՀ առաջին նախագահի ներկայացրած առաջարկի քննարկումները հեռանկարային և արդյունավետ կարող էին դիտվել բոլոր կողմերի սկզբունքային համաձայնության դեպքում»:
Օրերս անց առաջին նախագահը նոր բացահայտում արեց և նշեց, որ երկրորդ նախագահից մերժում ստանալուց հետո նա առաջիկա ընտրություններին դաշինքով գնալու առաջարկ է արել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Տեր-Պետրոսյանի նոր հայտարարության մեջ մեծ համախմբման տապալման սլանքներն ուղղվում էին դեպի Քոչարյան. «ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը...»,-նշված էր հայտարարության նախագծի արձանագրումներից մեկում:
Սերժ Սարգսյանը բնականաբար մերժել է Ռոբերտ Քոչարյանին «քցելու» Լևոն Տեր-Պոտրոսյանի առաջարկը: Ավելին, ինչպես երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարությունից պարզ դարձավ մայիսի 1-ի հանդիպման ժամանակ հայտարարության տեքստը չի քննարկվել և Սերժ Սարգսյանը առաջին անգամ լրատվամիջոցներից է ծանոթանում հայտարարության նախագծի բովանդակությանը. «Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»,-ասվում էր հայտարարութայն մեջ:
Տեր-Պետրոսյանն ինչպես միշտ իր ոճի մեջ է՝ նախ նա փորձել է Քոչարյանին «քցելու» իր ծրագրին մասնակից դարձնել Սարգսյանին, իսկ երբ այն չի ստացվել՝ տարածում է մի տեքստ, որին միայն ինքն է ծանոթ ու այս կերպ փորձում է ընտրություններից առաջ անվստահություն մտցնել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև:



