Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան ողբերգություն է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։
Ըստ ԱԳ նախարարի՝ ընդամենը մի քանի տարի առաջ չէին կարող պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը նման բան կասի։
«Ավելին, 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում չի թույլատրվում ցանկացած ներքին կամ միջպետական նորմատիվ իրավական ակտ, որտեղ Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի տարածք։ Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, պարզվում է, հակասում է այս բանաձևին: Սա աննախադեպ հայտարարություն է։
Մենք շատ կոշտ աշխարհաքաղաքականության դարաշրջանում ենք ապրում։ Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ, աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է: Հետևանքները կարող են բավականին ողբերգական լինել»,- ասել է Արձինբան։



