Լեհաստանը ամրաշինական աշխատանքներ կսկսի ՌԴ-ի եւ Բելառուսի հետ սահմանին մինչեւ 2024թ. տարեվերջ, տեղեկացրել է երկրի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։ «Առաջիկա երեք շաբաթներին մենք կկարողանանք կատարել East Shield («Արեւելյան վահան») համակարգի առաջին փորձարկումները լեհական զորադաշտերում, իսկ այս տարի կսկսենք առաջին տարրերի կառուցումը հյուսիսային եւ արեւելյան սահմաններին»,- ասել է նա մամուլի ասուլիսում (մեջբերումն՝ ըստ Reuters-ի)։ Նախագծին, ըստ Տոմչիկի, կմասնակցեն Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան, ինչպես նաեւ բրիտանական եւ ամերիկյան զինված ուժերը։
Պատերազմն Ուկրաինայում դրդել է Լեհաստանին ավելացնել պաշտպանական ծախսերը. 2024թ. դրանք կկազմեն ՀՆԱ 4,2 տոկոսը, 2025-ին՝ 4,7։ Ինչպես նշել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, այդ միտումը կպահպանվի նաեւ հաջորդ տարիներին։
Գերատեսչության ղեկավարը նաեւ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում հակամարտության թեժացման առիթով՝ զգուշանալով, որ դա կշեղի միջազգային հանրության, ներառյալ ԱՄՆ ուշադրությունը Ուկրաինայից։ «Դա մեզ համար լավ չէ»,- ավելացրել է նա։