Լեհաստանը հեղեղումների գոտի է ուղարկել 14 հազ...

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը 14 հազար զինվորական է հատկացրել երկրի հարավում և հարավ-արևմուտքում ջրհեղեղների հետևանքների դեմ պայքարելու համար։

«Ավելի քան 14 հազար զինվորական ուղարկվել է մասնակցելու օպերացիային՝ աջակցելու տեղական ինքնակառավարման մարմիններին և ներքին գործերի նախարարությանը և վարչակազմին ենթակա ծառայություններին, օգնություն ցուցաբերելու աղետից տուժած շրջանների բնակիչներին», - գրել է վարչությունը X-ում:

Պաշտպանության նախարարության ղեկավար Վլադիսլավ-Կոսինյակ Կամիշի խոսքով, այս ցուցանիշը «օր օրի ավելանում է» և ներառում է, բացի լեհական բանակի 10 հազար զինվորներից և սպաներից, տարածքային պաշտպանության ուժերի 4 հազար զինծառայող:

Լեհաստանի հարավում և հարավ-արևմուտքում գտնվող Սիլեզիայի, Ստորին Սիլեզիայի և Օպոլի վոյևոդություններում տեղի են ունեցել մեծ ջրհեղեղներ՝ հորդառատ անձրևներից հետո Նիսա գետի (Օդերի ձախ վտակ) վարարման պատճառով։ Ջրհեղեղները համարվում են ամենասարսափելին 1997 թվականից ի վեր։

Ոստիկանության տվյալներով՝ յոթ մարդ է զոհվել։ Չեխիայի հետ սահմանի մոտ գտնվող Կլոձկոյի կենտրոնը և Ելենիա Գորա քաղաքի մի մասը ջրի տակ են անցել։

Ջրհեղեղի գոտում գտնվող բնակավայրերից տարհանվել է ավելի քան 4 հազար մարդ, փակվել է 4 վոյեվոդության 600 դպրոց։ Սեպտեմբերի 16-ին հանրապետության կառավարությունը 30 օրով տարերային աղետի դրություն մտցրեց Սիլեզիայի, Ստորին Սիլեզիայի և Օպոլի վոյեվոդությունների 24 շրջաններում։