Լեհաստանը բողոք է ներկայացրել ԵՄ դատարան

Լեհաստանի կառավարությունը բողոք է ներկայացրել ԵՄ դատարան՝ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) երկրների հետ առևտրային համաձայնագրի դեմ: Այս մասին հաղորդում է Polskie Radio-ն:

Ռադիոկայանի տվյալներով՝ բողոքի հետ մեկտեղ Վարշավան  ներկայացրել է միջնորդություն համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին մինչև դատարանի կողմից Լեհաստանի իշխանությունների հայցով որոշում կայացնելը:

Նշվում է, որ լատինամերիկյան երկրների հետ առևտրային համաձայնագրով վերացվում են մաքսատուրքերը ապրանքների ավելի քան 90%-ի նկատմամբ։

Նշվում է, որ Լեհաստանն, այդ թվում, դժգոհ է համաձայնագրի տեքստում MERCOSUR-ի երկրների ֆերմերների համար արտադրանքի արտադրության որակի և տեխնոլոգիայի վերաբերյալ հայելային պահանջների բացակայությունից, ինչը նրանց «տալիս է մրցակցային առավելություն եվրոպացի ֆերմերների նկատմամբ»:

Հունվարի 7-ին Պարագվայում Եվրամիության և MERCOSUR-ի երկրների միջև ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր: Այն ուժի մեջ է մտել մայիսի 1-ին: Համաձայնությանն առաջին հերթին հավանություն են տվել Գերմանիան և սկանդինավյան երկրները, որոնք շահագրգռված են ԵՄ-ից Հարավային Ամերիկային մատակարարվող ավտոմոբիլային, քիմիական և դեղագործական արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերի նվազեցմամբ:

Միևնույն ժամանակ փաստաթղթին դեմ են Ավստրիան, Հունգարիան, Իռլանդիան, Լեհաստանը և Ֆրանսիան, որոնք չեն ցանկանում, որ Հարավային Ամերիկայից էժան գյուղատնտեսական արտադրանքն ազատ մուտք գործի եվրոպական շուկա։

MERCOSUR-ն առևտրատնտեսական միավորում է, որը հիմնել են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը։ Այդ երկրների ընդհանուր տարածքը կազմում է Հարավային Ամերիկայի տարածքի ավելի քան 70%-ը, բնակչության թիվը մոտենում է 300 միլիոնի։ ԵՄ-ի և MERCOSUR-ի միջև առևտրի ծավալը գերազանցում է 112 միլիարդ եվրոն։