Լեհաստանն ու Բուլղարիան գազ են ստանում Եվրամի...

Լեհաստանն ու Բուլղարիան գազ են ստանում Եվրամիության իրենց հարեւաններից, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Գազպրոմը» չորեքշաբթի դադարեցրել է գազի մատակարարումները Լեհաստան եւ Բուլղարիա այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվել են ռուսական էներգետիկ հսկային ռուբլով վճարել:

Ֆոն դեր Լյայենը դա անվանել է «Կրեմլի հերթական սադրանք» եւ Մոսկվային մեղադրել գազը «շանտաժի» համար օգտագործելու մեջ։

«Սա այն է, ինչին պատրաստվում էր Եվրահանձնաժողովը՝ անդամ պետությունների եւ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Մեր պատասխանը կլինի անհապաղ, միասնական եւ համակարգված»,- ասվում է նրա հայտարարության մեջ։ «Նախ, մենք հոգ կտանենք, որ «Գազպրոմ»-ի որոշումը հնարավորինս նվազագույն ազդեցություն ունենա եվրոպացի սպառողների վրա։ Անդամ պետություններն այսօր հանդիպել են Գազի հարցերով համակարգող խմբում: Լեհաստանն ու Բուլղարիան մեզ տեղեկացրեցին ստեղծված իրավիճակի մասին։ Ե՛վ Լեհաստանը, եւ՛ Բուլղարիան այժմ գազը ԵՄ-ի իրենց հարեւաններից են ստանում»:

Նա նաեւ ընդգծել է վստահելի էներգետիկ գործընկերների անհրաժեշտությունը՝ «Եվրոպայում ռուսական հանածո վառելիքի դարաշրջանի ավարտ» խոստանալով:

Նա պարտավորվել է գազի բավարար մատակարարումների եւ պահեստավորման, ինչպես նաեւ «կանաչ անցման մեջ» ներդրումների «միջնաժամկետ հեռանկարի» պլան ապահովել:

«Երկարաժամկետ հեռանկարում REPowerEU-ն նաեւ կօգնի մեզ անցնել դեպի ավելի հուսալի, անվտանգ եւ կայուն էներամատակարարման: Մենք կանաչ անցումն արագացնելու մեր ծրագրերը մայիսի կեսին կներկայացնենք։ Յուրաքանչյուր եվրոն, որը մենք ներդնում ենք վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության մեջ, կանխավճար է մեր ապագա էներգետիկ անկախության համար»,- ասել է նա: