
Լեհաստանն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման Nuclear Sharing ծրագրի շրջանակներում, հայտարարել է նախագահ Կարոլ Նավրոցկին: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
«Լեհաստանը պետք է ունենա իր սեփական միջուկային ներուժը», - ասել է Նավրոցկին ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Լեհաստանի նախագահը հրաժարվել է կանխատեսել երկրի կարգավիճակը որպես միջուկային տերություն, սակայն ընդգծել է, որ այն «միջուկային զենքի համատեղ օգտագործման իրավունք ունի»։ Նա ասել է, որ խոսքը ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրին մասնակցության մասին է, որի շրջանակում միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրներն այն տրամադրում են դաշինքի մյուս անդամներին։
«Լեհաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունը հենց դա է։ Եվ դա հնարավոր կդառնա Նանսիի պայմանագրի շնորհիվ, որը ես հաճույքով կստորագրեմ որպես Լեհաստանի Հանրապետության նախագահ», - ընդգծել է Նավրոցկին։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Նանսիում երկկողմ համաձայնագիր են ստորագրել բարեկամության և համագործակցության ընդլայնման վերաբերյալ, մասնավորապես՝ ռազմական ոլորտում։
Nuclear Sharing ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի միջուկային զենքը տեղակայված է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Թուրքիայում։ ԱՄՆ-ից բացի, սեփական միջուկային զենք ունեն ՆԱՏՕ-ի անդամ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։