Լեհաստանի արտգործնախարարը կարծում է, որ չարժե...

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին կարծում է, որ Արեւմուտքը չպետք է հաշվի առնի ռուսական միջուկային զենքի սպառնալիքը՝ Ուկրաինայի կողմից արեւմտյան զենքի կիրառման սահմանափակումները հանելու որոշումներում։ Այս մասին նա ասել է Կիեւում, «Европейская правда»-ի հարցազրույցում։

Սիկորսկին նշել է, որ միջազգային իրավունքի տեսակետից ՌԴ ռազմավարական ավիացիայի տեղակայման աերոդրոմները, որտեղից թռչում են Ուկրաինային հարվածներ հասցնող հրթիռակիրները, կարող են համարվել լեգիտիմ թիրախ, անգամ եթե դրանք գտնվում են խոր թիկունքում։

Նա ասել է, որ չի հասկանում դանդաղելու իմաստը սահմանափակումները հանելու հարցում, չնայած Ռուսաստանի կատարած ռազմական հանցագործություններին։

«Ես արեւմտյան լրագրողների կողմից լսում եմ Պուտինի «կարմիր գծերի» եւ թեժացման պուտինյան սպառնալիքների մասին։ Բայց չէ՞ որ մենք էլ ունենք մեր կարմիր գծերը, իսկ դրանց մասին չգիտես ինչու երբեք չեն հարցնում։ Եվ երկրորդ, ես չեմ կարծում, որ կա մի այնպիսի բան, որը Պուտինը չի արել, բայց կանի ի պատասխան մեր գործողությունների»,- ասել է Ռադոսլավ Սիկորսկին։

«Ես շատ կզարմանայի, եթե նա այնքան անխելք գտնվեր, որ պատերազմ սկսեր ՆԱՏՕ-ի դեմ։ Նույն կերպ էլ նրա միջուկային զենքի սպառնալիքները դատարկ կմնան»,- ավելացրել է նա։