Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում նրան հայտնել է, որ ՌԴ-ն նախատեսում է հարվածներ հասցնել Կիևում ռազմական թիրախների և որոշումների կայացման կենտրոնների՝ ի պատասխան ուկրաինական հարձակումների։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը։
«Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի հանձնարարությամբ Ս. Լավրովը պաշտոնապես տեղեկացրել է ամերիկյան կողմին, որ Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի տարածքում խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ շարունակվող ահաբեկչական հարձակումներին ի պատասխան, Ռուսաստանի զինված ուժերը սկսում են համակարգված և հետևողական հարվածներ հասցնել Կիևում գտնվող օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, ինչպես նաև համապատասխան որոշումների կայացման կենտրոններին», - նշված է հայտարարության մեջ։
Լավրովը Ռուբիոյի ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մայիսի 25-ի հայտարարության վրա, որում խորհուրդ է տրվել, որ Միացյալ Նահանգները, Կիևում առաքելություններ ունեցող այլ պետությունների հետ միասին, ապահովեն իրենց դիվանագիտական անձնակազմի և այլ քաղաքացիների տարհանումն Ուկրաինայի մայրաքաղաքից։
Երկու դիվանագետները նաև գնահատականներ են փոխանակել Հորմուզի նեղուցում ճգնաժամի և Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների վերաբերյալ։
«Չնայած հայտնի տարաձայնություններին, Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ ակտիվացնել միմյանց տարածքներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանները կարգավորելու ջանքերը», - հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։
ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին հայտնել է, որ Ռուբիոն և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և իրավիճակն Իրանում։
Մայիսի 25-ին ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել էր ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստարոբելսկ բնակավայրի քոլեջին ուկրաինական հարվածի մասին, որի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։
«Ստեղծված պայմաններում Ռուսաստանի զինված ուժերը սկսում են համակարգված հարվածներ հասցնել Կիևում գտնվող ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին, այդ թվում՝ կոնկրետ այն վայրերին, որտեղ նախագծվում, արտադրվում, ծրագրավորվում և կիրառման են պատրաստվում անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են Կիևի ռեժիմի կողմից՝ ՆԱՏՕ-ի մասնագետների օգնությամբ», - նշել են ՌԴ արտգործնախարարությունում՝ հավելելով, որ հարվածները կուղղվեն ինչպես որոշումների կայացման կենտրոններին, այնպես էլ հրամանատարական կետերին։
Ըստ գերատեսչության հայտարարության՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ օբյեկտները ցրված են Կիևում, «մենք զգուշացնում ենք օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին, հնարավորինս շուտ լքել քաղաքը»։ Իսկ Կիևի բնակիչներին ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է հեռու մնալ ռազմական և վարչական ենթակառուցվածքներից։



