Լավ է չեք ասում Շահրամանյանը մեջքի հետևը խաչ...

Եթե դուք ասում եք, որ Արցախի լուծարման թուղթը վավեր չէ, ինչո՞ւ էիք ամեն ինչ անում, որ Արցախի ժողովուրդը դուրս գա Արցախից, ասեիք՝ վավեր չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ դմելով ընդդիմությանը:

«Ինչո՞ւ էիք համոզում, որ հանձնեն Արցախը, ինչո՞ւ գնացիք դաշնակներով նախագահ ընտրեցիք, որը լուծարեց, ես ձեր տրամաբանությունը չեմ հասկանում, դուք ձեր տրամաբանությունը հասկանո՞ւմ եք:

Այսինքն եկել ասում եք այդ փաստաթուղթը վավերի չի, բայց այդ փաստաթուղթը ստորագրելու հիմքով Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է ձեր գործողությունների արդյունքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա շարունակեց. «Մեզ ընդդիմությունն առաջարկում է հանդիպել Լեռնային Ղարաբաղի պատգամավորների հետ: Ես, օրինակ, անձնապես ցանկություն չունեմ հանդիպելու Լեռնային Ղարաբաղի պատգամավորների հետ: Դուք լսե՞լ եք՝ Լեռնային Ղարաբաղի պատգամավորներն ինչ լեքսիկոնով ու ինչ բառամթերքով են խոսում ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ԱԺ-ի մեծամասնության մասին, խայտառակություն է ուղղակի:

Դուք մտածում եք, որ մենք իրենց հետ պետք է հանդիպե՞նք: Իրենց հետ նախ պետք է իրավապահները հանդիպեն՝ հասկանան՝ այդ ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում լուծարեցին Լեռնային Ղարաբաղը և «յուղը վրան» զենքերն էլ նվիրեցին ադրբեջանցիներին: Լուրջ չի մի պրոցեսի արդյունքում 120 հազարից ավելի ԼՂ բնակչի բռնի տեղահանել, հետո գալ ասել դա վավեր չի, լավ է չեք ասում Շահրամանյանը մեջքի հետևում մատերով խաչ էր արել»,- ասաց նա:

Պատգամավորը ևս մեկ անգամ ընդգծեց՝ ընդդիմությունն է հրաժարվել Արցախից:

«Դուք եք հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, դուք եք պալատական հեղաշրջում արել և վաճառել Լեռնային Ղարաբաղը և ամեն ինչ արել եք, որ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանվի, զրկանքների միջով անցնի ու գա այստեղ»,- շեշտեց նա: