Լավ ա ՆԵթանյահուին չեք դատապարտել ցեղասպանութ...

Բերել ենք Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող հոդված, ո՞րն է խնդիրը, որ ընդդիմանում եք. միակ խելքին մոտ բանը, որ ասում եք, այն է, որ այսպիսի հոդված արդեն կա՝ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30–ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղպատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ի՞նչ է ասում 136-րդ հոդվածը, ասում է՝ ցեղասպանության ուրացումը քրեականացվում է, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա, անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով:

Ավելի պարզ հայերենով բացատրեմ, եթե այս նպատակը չկա, ցեղասպանության ժխտումը չի քրեականացվել: Իսկ ցեղասպանության ժխտումը մեր մոտ քրեականացվա՞ծ է, եթե ցեղասպանությունը իրականացրած երկիրը այդպես նախապայման է դրել ու պետական պաշտոնյան ուղղակի դա ասում է՝ առանց այս նպատակների: Չէ, քրեականացված չի։ Մենք ասում ենք՝ քրեականացրեք, եթե դուք այդ ուրացման քաղաքականությունը չեք վարում, եթե դուք այդ նախապայմանը չեք կատարում, ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչն է ձեզ այդպես անհանգստացրել, որ այսպես հերոսաբար պայքար եք մղում ԱԺ խրամատներում այս օրենքի դեմ։

Ինչի՞ց եք այդպես անհանգստացել, ընդհանրապես հայ մարդը այս օրենքի հետ ի՞նչ խնդիր կարող է ունենալ, կարո՞ղ եմ իմանալ։

Իսկ խնդիր կարող է ունենալ այն մարդը, այն թիմը, ում ղեկավարը, ով, օրինակ, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղիղ եթերով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինքը հաջորդ օրը ասում է՝ բայց մի հատ պիտի հասկանանք այդ ցեղասպանության ճանաչումը մեզ համար ի՞նչ խնդիր է լուծում։ Լավ է՝ չեք դատապարտել Նեթանյահուի ճանաչումը, լավ է՝ նոտա չեք հղել դեսպանատուն խիստ դատապարտել։

Բնականաբար այս օրենքի հետ խնդիր կունենաք, բա ո՞նց չեք ունենա։ Ընդհանրապես դուք որ այս տեմպերով շարունակեք, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ Հայաստանի հարցերով զբաղվող բաժինները կարող են լուծարվեն, Մարիա Կարապետյանի պես մարդ ունեն այստեղ, ի՞նչ խնդիր ունեն։

Մենք ասում են՝ Հայոց ցեղասպանության ժխտումը, ցանկացած պարագայում, եթե որևէ նպատակ էլ չի հետապնդում, պիտի քրեականացվի, ու Հայաստանում բնական է, որ այս օրենքը պիտի լինի։

Դուք հասել եք այնտեղ, որ ոչ միայն ուրացել, նսեմացրել, պղծել եք ամեն ինչ»,– հայտարարեց նա։

Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին. «Կլինի՞ նախքան ցեղասպանության մեկ ու կես միլիոն զոհերի ցանկեր կազմելը, դրանից առաջ 44-օրյա պատերազմի նահատակների ամբողջական ցանկը վերջապես կազմեք ու հրապարակեք, որ աջ ու ձախ բոլորին չմեղադրեք թիվ կեղծելու մեջ, այն դեպքում, երբ դուք կոնկրետ թիվ չեք հրապարակել»։