Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին Trend ադրբեջանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Բայբա Բրաժեն:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի մասին՝ Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Դրանք նշանակալի բեկում են տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։ Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակներում մենք տեսնում ենք շարունակական կառուցողական փոխգործակցություն երկու կողմից էլ։
Լատվիան կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը նպաստի և օժանդակի այս գործընթացին։ Վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումը զգալի ներդրում կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության, ինչպես նաև բարգավաճման ապահովման գործում՝ միաժամանակ նոր հնարավորություններ բացելով Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում՝ փոխկապակցվածության ոլորտում»,- հայտարարել է նա։



