
Լատվիան իրականացնում է ճահճուտային էկոհամակարգերի վերականգնման ծրագիր, որն, ըստ երկրի պաշտպանության նախարարության, կարող է զգալիորեն նպաստել պետության պաշտպանական կարողությունների ամրապնդմանը՝ ծառայելով որպես բնական արգելքներ արևելյան սահմանին։ Այս մասին հայտնում է Европейская правда-ն:
Ծրագիրը նախատեսում է պատմական դեգրադացված տորֆ արդյունահանող տարածքներում ճահիճների, լճերի, ճահճային տարածքների և անտառների վերականգնում՝ դրանով իսկ նվազեցնելով բնական ռեսուրսներին պատմականորեն հասցված վնասը: Տորֆի արդյունահանման պատմական վայրերը վերականգնելու համար տեղական իշխանությունները նախատեսում են օգտագործել Եվրոպական միության հիմնադրամների միջոցները:
Օգոստոսի վերջին լրատվամիջոցները գրել են, որ Էստոնիայում մտածում են անցյալում գոյություն ունեցող ճահիճներն ու տորֆերը վերականգնելու նպատակահարմարության մասին՝ որպես բնական խոչընդոտ, որը Ռուսաստանի հնարավոր ներխուժման դեպքում զսպող դեր կխաղա: Էստոնիայից առաջ նման քայլերի են դիմել Լեհաստանն ու Ֆինլանդիան:
Խոնավ տարածքները, որտեղ կուտակվում է տորֆը, փխրուն, ճահճային հողեր են, որոնք անանցանելի են տանկերի համար: Դրանք սովորաբար տեղակայված են հյուսիսային զով կլիմայական գոտիներում և ընդգրկում են Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների՝ Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից տարածքները՝ գրում է պարբերականը: