Լարիսա Մինասյանը պարտադրել է մեր իշխանություն...

«Բաց հասարակությունների հիմնադրամի» տնօրեն Լարիսա Մինասյանը պարտադրել է մեր իշխանություններին, որպեսզի տեղի ունենա արդարադատության նախարարի փոփոխությունը՝ Արտակ Զեյնալյանը հեռացվի, և նրան փոխարինի Ռուստամ Բադասյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը:

«Լարիսա Մինասյանի կողմից Ռուստամ Բադասյանի ընտրությունը կատարվել է զուտ նրա համար, որ նա հլու-հնազանդ, գլուխը կախ պարտավորվել է իրականացնել բոլոր այն հրահանգները, որոնք կգան Սորոսի գրասենյակից»,- նշեց Նարեկ Մալյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը հրաժարական էր ներկայացրել, և հենց նույն օրը Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Բաց հասարակությունների հիմնադրամի» տնօրեն Լարիսա Մինասյանի և Ռուստամ Բադասյանի լուսանկարները և կից գրել, որ Ռուստամ Բադասյանն է նշանակվելու նախարար:

«Հույս ունեի, որ մեր իշխանությունը կգտնի իր ողնաշարը, այդ հրապարակումից գետինը կմտնի և հետ կկանգնի իրեն պարտադրված որոշումից: Մեծ հաշվով, ծրագիրը որն է, եթե դուք նայեք բոլոր այն երկրների ցանկը, որտեղ Սորոսի գրասենյակը եկել է իշխանության, տիրապետել է իշխանական լծակներին, կտեսնեք, որ բոլոր երկրներում տեղի են ունեցել քաղաքացիական մեծ բախումներ»,- հայտարարեց Նարեկ Մալյանը:

Նրա տեղեկացմամբ՝ առաջիկայում կվերսկսվեն ՎԵՏՕ շարժման փողոցային ակցիաները՝ ընդդեմ «Բաց հասարակությունների հիմնադրամի» գործունեության: