Կառավարությունը դեկտեմբերի 5-ի հերթական նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումները կատարելու որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վարչապետի հանձնարարականով համայնքներին հատկացվող սուբվենցիաների փոխարեն ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում լիզինգով սարքավորումներ, այդ թվում՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու հնարավորություն տրամադրելու, ինչպես նաև ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ։
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքները ձեռք են բերում տարբեր սարքավորումներ, մեխանիզմներ, գյուղատնտեսական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, հիմնում են սառնարանային տնտեսություններ և այլն, մինչդեռ դրանց մեծ մասը հնարավոր է ձեռք բերել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող լիզինգային ծրագրերով։ Այդ ծրագրերի շրջանակներում ներկայում հնարավոր է ձեռք բերել միայն գյուղատնտեսական տեխնիկա։ Գործող ծրագրով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի ձեռքբերման դիմումի մերժման հիմք է սահմանված մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում ստացված դիմումի շրջանակներում արդեն իսկ տրամադրված համաձայնությունը, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ նոր շահառուների ներգրավման համար։
Բացի այդ, շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուն հայտարարությունով ստանձնում է որոշակի բնակավայրերում սպանդանոցային ծառայությունների մատուցման պարտավորություն, մինչդեռ ստանձնած պարտավորություների նկատմամբ մոնիթորինգ նախատեսված չէ։
«Նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց՝ ծրագրից օգտվող շահառուների շրջանակը լրացվում է համայնքներով՝ պայմանով, որ տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերել սուբվենցիոն ծրագրերով: Ուժը կորցրած են ճանաչվում մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից մեկից ավելի դիմումներին համաձայնություն տալու սահմանափակման և մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում ստացված դիմումի շրջանակներում տրամադրված համաձայնության հիմքով դիմումի մերժման պայմանները և սահմանված պահանջներով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգը վերապահվում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի շահագործման վայրի մարզի համայնքին»,-ներկայացրեց Հովակիմյանը՝ նշելով, որ նախագծի ընդունման արդյունքում ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան նաև համայնքները, կընդլայնվի սպանդանոցային ծառայության մատուցման շահառուների շրջանակը, կապահովվի սպանդանոցային մորթի ծառայությունների կատարման նկատմամբ մոնիթորինգը։