
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 25-ի նիստում հաստատել է Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում իրականացնելու նպատակով մասնագիտացված կազմակերպություն ընտրելու մրցույթի անցկացման կարգը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ԿԸՀ նախագահի հրամանով ձևավորվում է մրցույթ կազմակերպող, գնումները համակարգող և գնահատող հանձնաժողով, որը մրցույթը կանցկացնի «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջները և ընտրական գործընթացների առանձնահատկությունները։
Այս փոփոխությունները պայմանավորված են 2024 թվականին «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխություններով։
Բացի այդ, ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել «ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները սահմանելու մասին» որոշման մեջ։
Ըստ նոր փոփոխության՝ ՏԻՄ ընտրություններին քվեարկությանը կարող են մասնակցել նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականները՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ սահմանված անձնագրի նկարագրին համապատասխան փաստաթղթով։