Կյանքից հեռացել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելի...

Կյանքի 92-րդ տարում վախճանվել է մոնումենտալիստ նկարիչ, քանդակագործ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել է նկարչի օգնական Սերգեյ Շագուլաշվիլին:

«Այո, դա տեղի է ունեցել այսօր, գիշերվա ժամը մեկն անց կեսին», - գործակալությանն ասել է զրուցակիցը։

Նա հավելել է, որ հրաժեշտի և հուղարկավորության մասին որոշումը կընդունվի ավելի ուշ։

Ծերեթելին խորհրդային, վրացի և ռուսաստանցի մոնումենտալիստ նկարիչ է, քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ։ 1997 թվականից Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահն է։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ՌԴ ժողովրդական նկարիչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ ասպետ։

Ծնվել է 1934 թ. հունվարի 4-ին Թբիլիսիում։ Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի (1995 թ.), Զուրաբ Ծերեթելիի արվեստի պատկերասրահի (2000 թ.) և Թբիլիսիի ժամանակակից արվեստի թանգարանի (Վրաստան, 2012 թ.) հիմնադիրն է:

Հեղինակ է գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-մոնումենտալ արվեստի ավելի քան 5000 ստեղծագործությունների (որմնանկարներ, խճանկարներ, պաննոներ): Որպես քանդակագործ նա ստեղծել է բազմաթիվ կոթողներ, որոնց թվում են «Բարեկամությունը հավերժ է»՝ Մոսկվայում, «Բարին հաղթում է չարին»՝ Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի առջև, «Նոր մարդու ծնունդը»՝ Սևիլիայում, «Քանդել անվստահության պատը»՝ Լոնդոնում, Զոյա Կոսմոդեմյանսկայայի հուշարձանը՝ Ռուզայում և ուրիշներ։