Կվերադառնա՞ «Հայաստան» խմբակցությունը խորհրդա...

ԱԺ նիստերին մեր մասնակցության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ խմբակցությունում պարբերաբար քննարկումներ են ընթանում, հանդիպումներ ենք ունենում խմբակցության առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին սեպտեմբերի 7-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Ագնես Խամոյանը։

Նա պարզաբանեց, որ այս հանդիպումներն անցնում են բաց, անկաշկանդ մթնոլորտում, եւ յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում ազատ արտահայտել իր կարծիքը, եւ որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով մեծամասնության կարծիքը։

«Ազգային ժողով «վերադարձի» հետ կապված մի քանի քննարկումներ են եղել։ «Հայաստան»-ի՝ ավելի վաղ արտահայտած դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան։ Սա նշանակում է, որ մեզ չեք տեսնի Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի աշխատանքում։ Մենք շարունակում ենք հավատալ, որ իշխող մեծամասնությունը չի արտացոլում անվտանգության, պաշտպանության եւ այլ կարեւոր ասպեկտներում մեր երկրի առջեւ ծառացած իրական խնդիրները, ուստի նպատակահարմար չենք համարում վերադառնալ խորհրդարան։

Դիմադրության շարժումը շարունակվելու է փողոցում, եւ մենք ամեն ինչ անելու ենք՝ մեր վերջնական նպատակին հասնելու համար»,-ասաց Խամոյանը։ Ընդդիմությունը շարունակելու է պայքարը փողոցում, դասական բոյկոտի ֆորմատը շարունակվելու է։

Միաժամանակ, պատգամավորը չբացառեց, որ խմբակցության ներկայացուցիչները կարող են պարբերաբար գնալ խորհրդարան՝ հանդես գալու նախաձեռնություններով, որոնք վերաբերում են երկրի, Արցախի անվտանգությանը։