Կստեղծվի վարչապետին ենթակա պետական կառավարման...

Հայաստանում կազմավորվելու է արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին: Նախագիծը ներկայացվել է կառավարության այսօրվա նիստում և արժանացել գործադիրի հավանությանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ ՊՆ-ում, և թե՛ ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով և արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը»,- նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, կարևորելով նախագիծը, նշեց, որ աշխարհը դինամիկ ձևով փոխվում է և նաև արտաքին հետախուզական ձևերը և մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում:

«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր կարողությունները տրանսֆորմացնել և զարգացնել ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան: Եվ այդ իմաստով կարծում եմ՝ կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ մենք տեսնում ենք, որ աշխարհում հետախուզական մեթոդները, ձևերը և բանաձևերը զարգանում են այնպես, որ նրանք միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական ծառայության հետ կամ զինվորական բնույթի ծառայության հետ: Եվ մենք այս առումով որոշում ենք կայացրել, և դա նշված է նաև Հայաստանի մինչև 2050թ.-ի վերափոխման ռազմավարության մեջ, ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: