
Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարին, որն առաջարկել է Կիեւը, քանի դեռ բոլոր «նյուանսները» չեն կարգավորվել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։
«Եթե մենք խոսում ենք նման երկարաժամկետ զինադադարի մասին, ապա այստեղ կարեւոր են այն նրբությունները, որոնց մասին նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Կրեմլում: Սա նույնպես կարեւոր է, բայց առանց այդ հարցերի պատասխանների դժվար է հասնել նման երկարաժամկետ զինադադարի»,- երեքշաբթի հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նախօրեին Մոսկվան հայտնել էր, որ «մայիսի 7-ի լույս մայիսի 8-ի զրո ժամից մինչեւ մայիսի 10-ի լույս մայիսի 11-ի կեսգիշեր»՝ ի պատիվ սովետա-գերմանական պատերազմում հաղթանակի 80-ամյակի, ռուսական բանակը միակողմանիորեն կդադարեցնի կրակը, բայց կվերապահի «համարժեք պատասխանի» իրավունքը, եթե հրադադարը խախտվի Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից:
Պեսկովն այս հայտարարությունը որակել է որպես Պուտինի «բարի կամքի դրսեւորում», որն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության առանց «նախապայմանների»: