Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին հարցն է, սակայն Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է արտերկրից այդ հարցի շուրջ ստացվող տեղեկատվական հոսքերին և վերլուծում է արված հայտարարությունները։ Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, ապա ես չգիտեմ Պուտինի ծրագրերի մասին՝ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու վերաբերյալ։ Խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է մեր պետության դեմ պատերազմում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
ԱՄՆ-ում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Այդ պաշտոնի համար պայքարում են Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը (հանրապետական) և ներկայիս փոխնախագահ Քամալա Հարրիսը (դեմոկրատ): Հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել 270 ընտրական ձայն։ Թրամփը, ըստ Fox News-ի, հավաքել է առնվազն 277 միավոր։
Համաշխարհային առաջնորդները Թրամփին շնորհավորել են հաղթանկի կապակցությամբ: Առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նշենք, որ Թրամփն իրեն նախագահ է հայտարարել: Նա այս մասին ասել է Վեսթ Փալմ Բիչում իր աջակիցներին, գրում է cnbc.com-ը: