ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ոչ արժանահավատ է որակել տեղեկությունը, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը իբր «ծանոթների միջոցով» շնորհավորել են Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին Պեսկովն ասել է RTVI-ին, երբ նրան խնդրել են մեկնաբանել համացանցում շրջանառվող տեղեկությունը։
Կրեմլի խոսնակն ավելի վաղ ասել էր, որ տեղյակ չէ Պուտինի՝ Թրամփին շնորհավորելու վերաբերյալ ծրագրերից: Նա նշել էր, որ «խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի դեմ պատերազմում»։
Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, ՌԴ նախագահը բաց է կառուցողական երկխոսության համար՝ «հիմնված արդարության, հավասարության և միմյանց մտահոգությունները հաշվի առնելու պատրաստակամության վրա»։
ՌԴ ԱԳՆ-ն ընտրություններից հետո հայտարարության մեջ նշել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակն արտացոլում է ամերիկացիների դժգոհությունը դեմոկրատների կուրսից, սակայն Մոսկվան «պատրանքներ չունի» ընտրված նախագահի հետ կապված։ Ըստ գերատեսչության՝ «ԱՄՆ-ում իշխող քաղաքական վերնախավը, անկախ կուսակցական պատկանելությունից, հավատարիմ է հակառուսական վերաբերմունքին»։