Կրակոցներ և ծեծկռտուք՝ Շենգավիթում. նախաձեռնվ...

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ:

Ինչպես politik.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից, հիշյալ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում տեղի ունեցող ծեծկռտուքի և կրակոցների, ինչպես նաև՝ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից 36-ամյա կնոջ և 49-ամյա տղամարդու՝ մարմնական վնասվածքներով բժշկական օգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022 թ. հուլիսի 28-ին։

Հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիվանդանոց տեղափոխված անձինք ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։

Նախնական տվյալներով՝ 49-ամյա տղամարդը հիշյալ վնասվածքը ստացել է անծանոթ անձի հետ վիճաբանության ընթացքում, ինչը նկատելով՝ նրա կինը փորձել է միջամտել վիճաբանությանը, սակայն ամուսնու հետ վիճաբանող անձը հարվածներ է հասցրել նաև նրան, իսկ երբ ամուսիններն արդեն գտնվել են հիվանդանոցում, նույն անձը վերադարձել է դեպքի վայր և կրակոցներ արձակել։

Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և ‹‹АК-74›› ինքնաձիգի` կրակված պարկուճներ։

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: