Կրակոցներ՝ Արարատի մարզում

SHAMSHYAN.com տեղեկություններով՝ մարտի 30-ին հերթական հանդուգն կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերն անց անհայտ անձը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել Վեդի խոշորացված համայնքի Վանաշեն բնակավայրի Սարգիս Ճիրոյան փողոցի թիվ 29 տան ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված կրակոցից բարեբախտաբար տուժածներ չկան։Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վանաշեն գյուղի բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին հայտնում մարզի քրեական և համայնքային ոստիկանների հասցեին՝ ասելով.«Մարտի 30-ի կրակոցը տեղի չէր ունենա, եթե իրավապահները տեղում լինեին։ Եվ դա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է։ Դեպք, որն իրավապահների կողմից ոչ լիարժեք է բացահայտվել, ու դա դեռ շարունակություն է ունենալու, որովհետև միջադեպի հերոսները հովանավորվում են մարզի որոշ պաշտոնյաների կողմից, ու այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ ամբողջ գյուղու, ինչո՞ւ միայն գյուղում, նաև մարզում իրենց անուններն են շոշափվում։

Ո՞վ է տեսել առանձնապես ծանր հանցագործություն տեղի ունենա ու մարզի իրավապահներն իրականացնեն թերի աշխատանք ու դրա արդյունքում տեղի է ունենա մեկ այլ հանցագործություն։Հիմա հետաքրքիր է՝ տեղական իշխանություններն ինչո՞ւ են հովանավորում կրիմինալը, հանցագործությունը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական է տվել ու մենք նույնիսկ գիտենք, որ իր հսկողության տակ է քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։ Իսկ Արարատի մարզում ոչ թե պայքարում են քրեական թափթփուկների դեմ, այլ ամենաբարձր մակարդակով տեղական իշխանիկները հովանավորում են դրանց։Օգոստոսին ավտոն իբրև թե չզիջելու համար սարքեցին «արմագեդոն»։

Մինչև ատամները զինված ստահակը կրակոցներ արձակեց գյուղում հարգված ու ընդունված ընտանիքի անդամների տան ուղղությամբ, ինչի պատճառով ընտանիքի անդամներից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց, ով հիմա արդեն տան պայմաններում շարունակում է բուժումը։ Կրակոցների հետևանքով բակում կայանված «Opel»-ը վերածել էին ցանցի։ Կրակոցի հետքեր կային նաև կայանված «Ուազ»-ի վրա։ Դեպքի վայր ժամանած քննիչները հենց այդ վայրում հայտնաբերել էին 55-ից ավելի՝ ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ և այդ դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվում և գործը գնում է քննչական, բայց իրավապահները, քաջ իմանալով, թե ովքեր են այդ բեսպրեդել հանցագործության հեղինակները, ոչ մի պրոֆիլակտիկ միջոցներ չեն կատարում։ Ու ողջ գյուղը վստահ է, որ մարտի 30-ի կրակոցներն այդ ամենի շարունակությունն են։

Գյուղացիներով խնդրում ենք, որպեսզի այս դեպքն անմիջականորեն իրենց հսկողության տակ վերցնեն ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և կատարեն օբյեկտիվ քննություն, հակառակ դեպքում այս հանցագործներին չպատժելը նոր, ավելի ծանր հանցագործություն է ծնելու։

Էն որ վերջում հայտարարում էին, թե Հայաստանը համարվում է ամենաանվտանգ երկրներից մեկը, էդ կարծիք հայտնողները թող գան Արարատի մարզ ու սեփական մաշկի վրա կզգան արդյոք Վանաշենում կյանքն անվտա՞նգ է, թե ոչ»։