Կփորձեն ապացուցել, որ գաղտնալսումն իրականում...

Ներքաղաքական կյանքում սրվել են Փաշինյան-Վանեցյան հարաբերությունները։ Վերջին շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին, որ գործընթացը սկսել է մեծ թափ հավաքել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում հայտնվեց մի հոդված, որում մեղադրում էին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ Փաշինյանների դեմ տեղեկատվական արշավ պատվիրելու մեջ։ Սրան էլ հաջորդեց Արթուր Վանեցյանի պատասխանը, որն ավելի սրեց իրավիճակը։

Իշխանություններն ըստ ամենայնի փորձում են լռեցնել, ինչու չէ նաև հեռացնել քաղաքական դաշտից Արթուր Վանեցյանին, բայց դա չեն կարող անել կոշտ մեթոդներով, քանի որ ԱԱԾ նախկին պետը իշխանափոխությունից հետո տեղի ունեցած բոլոր ներքին գործընթացներին տեղյակ է, գիտի ով ինչով է զբաղվել ու հասկանալի է, որ իշխանությունները վախենում են նման հակառակորդի դեմ կոշտ քայլերի գնալ։

Իշխանության մի մասը պնդում է, որ պետք է Վանեցյանի դեմ քրեական գործեր հարուցվեն, որոնց հիմքում պետք է դրվեն տարբեր ֆինանսական պատմություններ, իսկ իշխանության մյուս մասը՝ առավել իրատեսները փորձում են առկա իրավիճակից օգտվել։

Իշխանություններին օգնելու է գալիս հայտնի գաղտնալսման պատմությունը։  Հիշեցնենք, որ  2018-ի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց Ազգային անվտանգության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի ձայնագրութունը, որը վերաբերում էր ՀՀ նախկին պաշտոնյաներին, «Մարտի 1-ի» գործին, Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու խնդրին։

Ձայնագրությունն այն ժամանակ իրապես սառը ցնցուղ էր իշխանությունների համար։ Մեկ ձայնագրությամբ առոչինչ դարձավ իշխանությունների այն պնդումները, որ իրենք չեն ազդում դատարանների վրա։ Այդ օրերին ՀՀԿ-ն նախագիծ ներկայացրեց Ազգային ժողով, որով առաջարկում էր ստեղծել քննիչ հանձնաժողով, որը կքններ գաղտալսման պատմությունը։ Հանձնաժողովը ստեղծվեց, բայց հեղափոխականներն ամեն բան արեցին ու հանձնաժողովի աշխատանքները ըստ էության չսկսած ավարտվեցին։ 

Ի պատասխան ՀՀԿ-ի, Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց, որը պետք է բացահայտեր գաղտնալսման պատվիրատուներին և իրականացնողներին։  

Եվ ահա իշխանություններն, ըստ էության, հենց այս գործը գրեթե մեկ ու կես տարի անց փորձելու են օգտագործել Արթուր Վանեցյանի դեմ։ Այսպես իրենք կխուսափեն ավելորդ հարցերից, քանի որ քրեական գործը հարուցվել է դեռ այն ժամանակ, երբ Վանեցյանն ԱԱԾ պետ էր։ Քննչական կոմիտեն պետք է ամեն բան անի, որպեսզի ապացուցի, որ գաղտնալսումն իրականում արել են ոչ թե նախկին իշխանությունները, այլ հենց Արթուր Վանեցյանը։ Գործի ակտիվ քննության փուլում Վանեցյանը չի կարող ասել, որ սա իր դեմ քաղաքական հետապնդման փորձ է, քանի որ իրեն մեղադրանք չի առաջադրվի, քանի դեռ իշխանության համար անհրաժեշտ ցուցմունքներ ձեռք չեն բերվի։

Իշխանության գերնպատակը, սակայն Վանեցյանին դատապարտված տեսնելը չէ։ Փաշինյանն, ըստ էության, նպատակ ունի «փաստերի» ճնշման ներքո Վանեցյանից  խոստում կորզել, որ իր տիրապետած տեղեկությունները չի օգտագործի գործող իշխանությունների դեմ և որ ամենակարևորն է առաջիկա տարիներին չի մասնակցի քաղաքական գործընթացներին։

Ահա թե ինչու՞ գաղտնալսումից գրեթե մեկ ու կես տարի հետո վարչապետ Փաշինյանը հատուկ շոու կազմակերպեց «հարցաքննություն» անվամբ։ Փաշինյանն իր սելֆիով մեծ խաղի սկիզբը հայտարարեց։ Խաղ, որի ավարտը իրականում անկանխատեսելի է լինելու՝ բոլոր մասնակիցների համար։