Ռուսական ներխուժումն Ուկրաինա ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրեց այն էկզիստենցիալ սպառնալիքի վրա, որը խստացնող բռնապետությունը կարող է ստեղծել ժողովրդավարական նկրտումներ ունեցող հարևան պետությունների համար: Նմանատիպ սցենար է ծավալվում Կովկասում, որին շատ ավելի քիչ ուշադրություն է դարձվում, ասվում է Freedom House-ի տարանցիկ երկրների տարեկան զեկույցում:
Այնտեղ նշվում է, որ 2020 թվականին ադրբեջանցի զինվորականները գրավել են Լեռնային Ղարաբաղի մի մասը։ «Դրանից հետո Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը «շարունակեց ռազմական ճանապարհով հետապնդել իր տարածքային նկրտումները։ 2022-ին նա խոշոր ներխուժում կատարեց Հայաստանի Հանրապետություն, իսկ 2023-ի սկզբին էլ ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերին՝ արգելափակելով կարևոր ճանապարհային կապերը «բնապահպանական բողոքի ակցիաների» անվան տակ»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ կան բազմաթիվ նշաններ, որ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի որոշ մասերի նկատմամբ վերահսկողության ընդլայնումը կզրկի տեղի բնակիչների ազատությունն ու անվտանգությունը։
«Ժողովրդավարական կառավարությունները չպետք է անտեսեն վտանգը։ Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու և ապահովելու պաշտպանությունը բոլոր նրանց, ովքեր ապրում են Ադրբեջանի իշխանության կամ փախչում են նրանց օկուպացիայից»,- ասվում է Freedom House-ի հայտարարության մեջ։
Զեկույցում Հայաստանն 3.11 ցուցանիշով «Անցումային շրջանի կառավարություն կամ հիբրիդային ռեժիմ» (Transitional Government or Hybrid Regime) խմբում է, ուր հետխորհրդային երկրներից ընդգրկված են նաև Ոկրաինան, Մոլդովան և Վրաստանը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից՝ Հունգարիան, Բոսնիա-Հերցեգովինան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Կոսովոն և Ալբանիան: Հետխորհրդային բոլոր երկրներից կազմված Եվրասիական խմբում (բացառությամբ այլևս ԵՄ անդամ մերձբալթյան հանրապետությունների)` իր միավորներով Հայաստանը զիջում է միայն Ուկրաինային (3.36) ու Մոլդովային (3.14), սակայն առաջ է Վրաստանից (3.04):