Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը Սպիտակ տանն ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ «պատմական» եռակողմ գագաթնաժողովը որակել է որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շրջադարձային կետ, որը միևնույն ժամանակ «կարևոր հանգրվան» է ստեղծում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Նա այս մասին ասել է «Անադոլու» գործակալությանը:
«Երեկվա (նկատի ունի օգոստոսի 8-ի գագաթնաժողովը-Խմբ.) իրադարձությամբ մենք տեսնում ենք կարևոր հանգրվան և հնարավորություն, որին կարող ենք հասնել նաև Թուրքիայի հետ: Այս կապի նախագիծը կարող է իրագործելի լինել և շատ ավելի կարևոր լինել տարածաշրջանային և գլոբալ առումով, եթե մենք վերսկսենք նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունը», - ընդգծել է նա։
Կոստանյանը հույս է հայտնել, որ Անկարան «փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանի կառավարության բարի կամքին»՝ բացելով թուրք-հայաստանյան սահմանը և հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։
«Մենք կարող ենք հասնել մեր տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման համար ևս մեկ շատ կարևոր հանգրվանի, ինչը նշանակում է, որ մենք կկարողանանք բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ», - հավելել է նա։
Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:



