ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստւմ այսօր հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է դատախազության 2020 թվականի գործունեության մասին զեկույցը: Այն ներառել է նաև Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ կատարված հանցավոր դրսևորումների փաստերով հարուցված քրեական գործերը: Բացի այդ, անդրադարձ է եղել նաև համակարգային կոռուպցիայի դեպքերի բացահայտմանը: Գլխավոր դատախազը նախ ներկայացրել է հանցավորության ընդհանուր պատկերն անցած տարում և փաստել, որ կա նվազում:
«1695 դեպք է գրանցվել նախորդ տարի բնակարանային գողությունների, իսկ այս տարի արձանագրվել է 1258 դեպք: Շուրջ 400 դեպքով նվազել են բնակարանային գողությունները: Վերջին երեք տարում այդ ուղղությամբ մեր ձեռնարկած միջոցառումները, կարծում եմ, արդյունք են տվել: Իհարկե, մեր վերլուծությունները ցույց են տվել, որ այդ դինամիկային նպաստել է այն հագամանքը, որ համավարակով պայմանավորված՝ քաղաքացիները, որպես կանոն, բնակարաններում են գտնվել, քիչ են դուրս եկել, ինչը կանխարգելիչ նշանակություն է ունեցել,- ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:



