Երևանում խցանումներն արդեն դարձել են առօրյա կյանքի անբաժանելի մասը։ Օրվա գրեթե ցանկացած ժամի մայրաքաղաքի բազմաթիվ խաչմերուկներ ծանրաբեռնված են, և վարորդները հաճախ իրենց կամքից անկախ հայտնվում են խցանված խաչմերուկում։ Ընդ որում՝ խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելու արգելքը նոր կանոն չէ․ այն գործում է դեռևս 2011 թվականից։ Սակայն իշխանությունները հիմա են որոշել այս հին նորմը ակտիվորեն կիրառել և դրանով քաղաքացիներից նոր տուգանքներ գանձել։
Այսուհետ խցանված խաչմերուկ մուտք գործելու համար վարորդներին սպառնում է 5000 դրամ տուգանք և մեկ տուգանային միավոր։ Թղթի վրա կանոնը կարող է տրամաբանական թվալ, բայց այն արդյունավետ է այն դեպքում, երբ պետությունն ապահովել է նորմալ երթևեկություն, ժամանակակից լուսացույցային համակարգ և խելամիտ ճանապարհային կազմակերպում։ Երևանում, սակայն, իրավիճակը հակառակն է․ ամեն երկրորդ մեքենան օրվա ընթացքում հայտնվում է խցանված խաչմերուկում ոչ թե վարորդի անփութության, այլ ճանապարհային համակարգի անկատարության պատճառով։
Ստացվում է, որ իշխանությունը հերթական անգամ ընտրել է ամենահեշտ ճանապարհը՝ ոչ թե վերացնել խնդիրը, այլ տուգանել դրա հետևանքների մեջ հայտնված քաղաքացիներին։ Եթե նպատակն իսկապես երթևեկությունը բարելավելն է, ապա նախ պետք է վերացնել խցանումների պատճառները, ոչ թե 2011 թվականից գործող կանոնը հանկարծ վերածել բյուջեն համալրելու հերթական գործիքի։ Հակառակ դեպքում քաղաքացիների մոտ բնական տպավորություն է ձևավորվում, որ իշխանության համար խցանումը ոչ թե լուծման ենթակա խնդիր է, այլ հերթական հնարավորություն՝ ավելի շատ տուգանքներ հավաքելու։



