Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ երկրում նախապատրաստվում է հեղաշրջում, որի նպատակն է սպանել իրեն կամ պաշտոնանկ անել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հրամանն արդեն տրված է՝ առաջիկա երեք ամիսների ընթացքում սպանել նախագահին կամ տապալել նրան», - ասել է նախագահն այլընտրանքային լրատվամիջոցների համազգային ժողովում:
Երկրի նախագահը հավելել է, որ սա «կոլումբիական ոճի պետական հեղաշրջում» է:
Երկրի ղեկավարի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի իմփիչմենթի հանձնաժողովը հայտարարել է, որ շարունակում է Պետրոյի նախագահական քարոզարշավի ենթադրյալ ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ հետաքննությունը՝ «չնայած բազմաթիվ կասեցումներին»:
Պետրոյի խոսքով՝ խոշոր տնտեսական և քաղաքական խմբերին պատկանող լրատվամիջոցները, իմփիչմենթի գործընթաց սկսելու համար, կոլումբիացիների ուղեղներում սերմանել են այն միտքը, որ նախագահը խախտել է օրենքը: