Կոլումբիան ինքնաթիռներ է հատկացրել ԱՄՆ-ից արտ...

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել է, որ ԱՄՆ-ից արտաքսված անօրինական  ներգաղթյալները, որոնք Կոլումբիայի քաղաքացիներ են, ազգային ավիացիայի ինքնաթիռներով երկիր կտեղափոխվեն այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան։ Նա ընդգծել է, որ վտարված քաղաքացիներին կտեղափոխեն առանց ձեռնաշղթաների և նրանց արժանապատվությունը հարգելով։

«Մեր հայրենակիցները Կոլումբիա կժամանեն առավոտյան։ Նրանք կտեղափոխվենն մեր ինքնաթիռով, կժամանեն առանց ձեռնաշղթաների։ Այս մոտեցումը՝ հարգանք արտաքսվածների արժանապատվության նկատմամբ, կկիրառվի բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք արտաքսում են (Կոլումբիայի) քաղաքացիներին»,- գրել է նախագահը Х սոցցանցում։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նախագահ դառնալուց հետո արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ հարավային սահմանին՝ արգելելով ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր: Բացի այդ, իրականացվում են ապօրինի ներգաղթյալների զանգվածային արտաքսումներ: Խոսքը հիմնականում Լատինական Ամերիկայից եկածների մասին է:

Հունվարի 26-ին Կոլումբիան թույլ չէր տվել իր տարածքում վայրէջք կատարել Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին, որոնք ապօրինի ներգաղթյալներին տեղափոխում էին Կոլումբիա: Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է 25 տոկոս մաքսատուրք սահմանել Կոլումբիայից ապրանքների ներկրման համար։ Մի քանի ժամ անց Կոլումբիայի իշխանությունները համաձայնել են ընդունել արտաքսման թռիչքներ։ Վաշինգտոնը նշել է, որ պատժամիջոցներն ու տուրքերը ուժի մեջ չեն մտնի, եթե Բոգոտան շարունակի թռիչքներն ընդունել։