Էր-Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա կիրակի օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, 11-ը՝ տուժել, հաղորդում են մերձավորարևելյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությանը։
Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, սաուդյան իշխանությունները պարզել են, որ զոհվածը պակիստանցի է։
11 տուժածների վիճակի մասին չի հաղորդվում։
Հարվածը բաժին է հասել երկու ուղևորային տերմինալի, որտեղ հրդեհ է բռնկվել։ «Հարձակումը հանգեցրել է նյութական վնասի, որի չափերը ներկայումս ճշտվում են», - հայտնել են վարչությունից։
Ավելի վաղ կիրակի օրը հաղորդվում էր, որ օդային հարձակման էր ենթարկվել Թագավոր Խալիդի անվան օդանավակայանի տերմինալներից մեկը։ Այս օդանավակայանի վրա շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո Սաուդյան Արաբիայում նկատվում են չվերթների չեղարկումներ և ուշացումներ։
Flightradar24 կայքի տվյալներով՝ Ջիդդայում չեղարկվել է 156 չվերթ, 347-ը՝ ուշացել, իսկ Դամմամի օդանավակայանը վերջին մի քանի ժամվա ընթացքում չի ընդունել և չի ուղարկել չվերթներ։
Իսկ Էր-Ռիադի միջազգային օդանավակայանը մնում է փակ ևս մեկ օրով։
«Ավիացիոն անձնակազմի համար օպերատիվ ծանուցման համաձայն՝ Էր-Ռիադի օդանավակայանի փակումը երկարաձգվել է ևս 24 ժամով՝ մինչև երկուշաբթի UTC 21:00-ը», - ասվում է ծառայության X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Իշխանությունների ներկայացրած վերջին տվյալներով՝ շաբաթ օրվա Էր-Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 309-ը։



