Արհեստական բանականության տեխնոլոգիաների արագ զարգացման հետևանքով 2027 թվականին մարդկությունը կիբերոլորտում բազմաթիվ տհաճ անակնկալների կբախվի․ այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը։
«Ոլորտը, որտեղ հաջորդ տարի կտեսնենք ամենակտրուկ փոփոխությունները, կիբերհարձակումներն են, քանի որ գոյություն ունի շորթման (սպառնալիքների միջոցով) կամ ֆոնդային շուկայի վրա ազդող խափանումների ստեղծման հայտնի բիզնես-մոդել։ Երբ համադրում ենք չարամիտ գործող անձանց, սահմանափակումների բացակայությունն ու արհեստական բանականության վերջին մոդելները, հավանական է, որ հաջորդ տարի կիբերոլորտում կտեսնենք բազմաթիվ տհաճ անակնկալներ», - նշել է ամերիկացի միլիարդատերը։
Գեյթսն ընդգծել է, որ արհեստական բանականության՝ վերահսկողությունից դուրս գալը մարդկության ամենահրատապ խնդիրը չէ, քանի որ դեռ մի քանի տարի կպահանջվի, մինչև տեխնոլոգիան հասնի զարգացման այնպիսի մակարդակի, որ կարողանա էական ազդեցություն ունենալ աշխարհի վրա։



