Կոչ ենք անում շտապ միջամտել՝ դադարեցնելու Իսր...

Իրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և կանխելու լայնածավալ պատերազմ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի առաքելությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ կոչ է անում Անվտանգության խորհրդին շտապ և վճռականորեն միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի շարունակական ագրեսիան և պատերազմական հանցագործությունները Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և թույլ չտալ, որ իրավիճակը վերածվի լայնածավալ տարածաշրջանային պատերազմի»,- ասել է Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին՝  Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում:

Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»: