ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալությունը» (ՌԶԳ) «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում կազմակերպել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների հերթական հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, hարթակի տարեկան առաջին հանդիպումն այս անգամ իրականացվել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում, որին բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նա շնորհակալություն է հայտնել միջազգային և տեղական գործընկերներին՝ շեշտելով, որ ՄԿՈՒ ոլորտը զարգացման մեծ հեռանկար ունի, որն ապահովելու ու նախատեսվող վերջնարդյունքներն ունենալու համար շատ կարևոր է միջազգային և տեղական գործընկերների սերտ համագործակցությունը:
«ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումներն արդյունավետ իրագործելու համար մենք կարևորում ենք մասնագիտական ուսումնական հաստատությունների քարտեզագրումը, իրականացվող կրթական ծրագրերի և մասնագիտությունների ցանկի վերանայումը, դրանց համապատասխանեցումը տնտեսությանը: Բոլոր այն մասնագիտությունները, որոնք ուսանողների կամ երիտասարդության կողմից տարբեր պատճառներով նախընտրելի չեն համարվում, բայց կարևոր են տնտեսության զարգացման տեսանկյունից, պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում:
Մասնագետների բացը ու կարիքը պետք է լրացնենք՝ խթանելով ուսուցման արդյունավետության բարձրացումը: Այդ նպատակով կարևորում ենք, որ ուսումնառությունը կազմակերպվի նորարար մեթոդներով, ինչպես նաև քայլեր ձեռնարկվեն նոր մասնագիտությունների ներդրման ուղղությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են նշված նպատակների իրականացմանը:
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ ոլորտի զարգացմանը մեծապես կնպաստի նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի ընդունումը, որի նախագիծն այժմ մշակման և ամփոփման փուլում է: Նոր օրենքը, ըստ նախարարի տեղակալի, նոր հեռանկարներ կբացի ՄԿՈՒ հաստատությունների հզորացման համար:
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին ընդունելու ՄԿՈՒ ոլորտը բարելավող ենթաօրենսդրական իրավական ակտեր. «Առաջնային ենք համարում նաև հանրապետական նշանակության ուսումնարաններ, ինչպես նաև ռեսուրս կենտրոններ ունենալու գաղափարը, այն է՝ ցանկացած ոլորտում ունենալ հաստատություն, որը կհանդիսանա այդ ոլորտի ռեսուրս կենտրոն, որի մասնագիտական ներուժը և նյութատեխնիկական բազան հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել նաև համակարգի զարգացման նպատակով»:
Նշվում է, որ ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» գործողությունների պլանով նախատեսվող ՄԿՈՒ ոլորտի միջոցառումները։ Արմենուհի Պողոսյանը փաստել է, որ գործողությունների ծրագիրը ներկայում ամփոփման փուլում է:
««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով» սահմանվել է բավականին հավակնոտ նպատակ՝ ՄԿՈՒ ոլորտում մինչև 2030 թվականն ունենալ 90 տոկոս զբաղվածության ցուցանիշ: Նա կարևորել է նաև ատեստավորման և վերապատրաստման մեխանիզմների կիրառման հարցերը՝ գիտելիքների ստուգման, հստակ չափանիշների սահմանման, գնահատող հանձնաժողովների գործունեության և այլ հարցերի համատեքստում. «ՄԿՈՒ ոլորտում դասախոսների աշխատավարձերն ամենացածրն են, որը կրթության որակի վրա չի կարող ազդեցություն չունենալ: Առաջարկվող համակարգի շնորհիվ պետք է խրախուսվի մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացումը, որը, որպես հետևանք, կհանգեցնի նաև աշխատավարձերի բարձրացմանը»:
««Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով՝ քննարկումների այս հարթակը միավորում է ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպություններին և այն շահագրգիռ կառույցներին, որոնք նպաստում են ՄԿՈՒ համակարգի զարգացմանը՝ նպատակ ունենալով արդյունավետ համակարգել ոլորտում գործող նախաձեռնությունները, ներկայացնել իրականացված ծրագրերի փորձն ու ձեռքբերումները, ինչպես նաև քննարկել պլանավորվող գործողությունները:
Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը: Նրա խոսքով՝ կրթական համակարգը երկրի բարեկեցության, տնտեսական զարգացման, աշխատաշուկայի կարիքները հոգալու, ինչպես նաև միջազգային նպաստավոր դիրք ունենալու համար առանցքային նշանակություն ունի:
Վերներ Թութը նշել է, որ վերջին շրջանում մեծ ջանքեր են ներդրվում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթության զարգացման և արդիականացման ուղղությամբ. «Երկրի տնտեսության համար կարևոր է զարգացնել մասնագիտական կրթության, հատկապես դուալ կրթության համակարգը: Շվեյցարական համակարգն ուսուցման ընթացքում համադրում է տեսական և գործնական փորձառությունը: Այս սկզբունքն անհրաժեշտ է տեղայնացնել հայկական կրթական համակարգում»:
Այնուհետև մի քանի դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել զեկուցումներով` ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտում իրենց կազմակերպությունների կատարած աշխատանքը: Ներկայացվել են «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) և Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրերը, քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության, ՄԱԶԾ և այլ տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ: