Կիպրոսն ամբողջությամբ աջակցում է Եվրոպական Միության և Հայաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը:
Ինչպես հայտնում է CyprusMail-ը, Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդմանը նվիրված քննարկման ժամանակ ունեցած ելույթում այդ մասին ասել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Մարիլենա Ռաունան։
«Համագործակցությունը հիմնված է մեր ընդհանուր արժեքների և կայուն, ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանի, ինչպես նաև կայուն Հարավային Կովկասի տեսլականի վրա», - ասել է նա։
Ռաունան ընդգծել է, որ ժողովրդավարական դիմադրողականությունը ԵՄ-ի հիմնական պարտավորությունն է՝ թե՛ անդամ պետությունների, թե՛ հարևանների նկատմամբ։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են գրանցել վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպական խորհրդի կոչից հետո՝ ամրապնդել հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ հիմք դնելով նոր համագործակցության։
«Հաջորդ շաբաթ ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը կկայանա Երևանում», - ասել է Ռաունան` շեշտելով, որ գագաթնաժողովը ուժեղ ուղերձ է Հայաստանի՝ որպես ԵՄ տարածաշրջանային գործընկերոջ կարևորության վերաբերյալ։
Նա նաև հայտնել է, որ գագաթնաժողովի շրջանակներում Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ռաունան ընդգծել է ԵՄ-ՀՀ ռազմավարական օրակարգի կարևորությունը, որը, ըստ նրա, համագործակցության հստակ ճանապարհային քարտեզ է։
Նա ընդգծել է նաև «Դիմադրողականություն և աճ» ծրագրի միջոցով ԵՄ-ի կողմից կատարված մոտ 270 միլիոն եվրոյի ներդրումների կարևորությունը, որոնք նպաստել են Հայաստանի դիմադրողականության ամրապնդմանը արտաքին ճնշումների նկատմամբ։
Զգուշացնելով ապատեղեկատվական արշավների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության խաթարման մասին՝ Ռաունան ասել է, որ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են որոշիչ պահ լինել Հայաստանի համար։
«Շարունակաբար բարդացող աշխարհաքաղաքական միջավայրում գործընկերության ամրապնդումը նույն արժեքները կիսող երկրների հետ մնում է հիմնական առաջնահերթություն»,- ասել է Ռաունան։



