
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը կշարունակի աջակցել Ռուսաստանի ղեկավարության բոլոր գործողություններին։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Կիմ Չեն Ընը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ ԿԺԴՀ-ն միշտ հավատարիմ կմնա ԿԺԴՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված պայմանագրի ոգուն, և հետագայում ևս լիովին կաջակցի Ռուսաստանի ղեկավարության ձեռնարկած բոլոր միջոցառումներին», - ասվում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ։
Երկու պետությունների ղեկավարները բարձր են գնահատել այն, որ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրին համապատասխան՝ բոլոր ոլորտներում համագործակցության հարաբերություններն էլ ավելի են խորանում ու զարգանում։ Նրանք նաև հաստատել են փոխգործակցության հետագա ամրապնդման կամքը։
Օգոստոսի 12-ին ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտինը Կիմ Չեն Ընի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է Կորեայի առաջնորդին օգոստոսի 15-ին նշվող Ազգային տոնի՝ Ճապոնիայի գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 80-ամյակի կապակցությամբ։
Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ երկու կողմից հաստատվել է հանձնառությունը բարեկամության, բարիդրացիության և բոլոր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն 2024 թ. հունիսի 19-ին Փհենյանում կնքված Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագրի։