Կիմ Չեն Ընը հյուսիսկորեացի զինվորների մասնակց...

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հաստատել է, որ հյուսիսկորեացի զինվորներ են ուղարկվել Կուրսկի մարզ՝ մասնակցելու Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտերին։ Նա զինծառայողների առաքելությունն անվանել է «սուրբ», իսկ նրանց՝ «հերոսներ»։ «Մեր մայրաքաղաքում շուտով կկանգնեցվի Հյուսիսային Կորեայի հպարտ զավակների հերոսությունը փառաբանող ռազմական սխրագործությունների հուշարձան, եւ հավերժական կյանքի մաղթանքներով ծաղիկներ կդրվեն իրենց կյանքը տված զինվորների շիրիմներին»,- նշվել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հրապարակած հայտարարությունում: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաեւ «ջերմ մարտական» ողջույն է հղել ռուսական բանակին, որը «մեծ հաղթանակ» է տարել Կուրսկի մարզում։ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հայտարարության հրապարակումից անմիջապես հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ երախտագիտություն է հայտնել Կիմ Չեն Ընին եւ Հյուսիսային Կորեայի ողջ ղեկավարությանը օգնության համար։ «Ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա Կորեայի հատուկ նշանակության ջոկատի զինվորների սխրանքը։ Մենք միշտ հարգանք կմատուցենք կորեացի հերոսներին, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն Ռուսաստանի, մեր ընդհանուր ազատության՝ իրենց ռուս զինակից եղբայրների հետ հավասար հիմունքներով»,-նշել է Պուտինը՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեայի զինվորները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն եւ անձնազոհություն։