Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը այս շաբաթ ցուցադրել է առանց տատանվելու միջուկային հարված հասցնելու պատրաստակամություն՝ ի պատասխան համապատասխան սադրանքի, տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Ռազմական գործունեությունը դարձել է Հյուսիսային Կորեայի զինված ուժերի լոյալության եւ ամուր դիրքորոշման դսեւորումը երկրի ինքնիշխանության պաշտպանության գործում, Հյուսիսային Կորեան, առանց տատանվելու, անգամ միջուկային հարված կհասցնի, երբ թշնամին սադրի իրեն միջուկային զենքով»,- Կիմ Չեն Ընի խոսքերը մեջբերել է գործակալությունը։
Այս հայտարարությունը նա արել է հրթիռաշինության գլխավոր վարչության երկրորդ վաշտի զինվորականների հետ հանդիպման ժամանակ, որոնք մասնակցել են «Հվասոն-18»-ի արձակման զորավարժություններին։
Նա ընդգծել է, որ երկրի ինքնիշխան իրավունքները կարող են երաշխավորված լինել միայն «հզոր ուժի» օգնությամբ։
Ավելի վաղ գործակալությունը տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեան «Հվասոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել։
Ինչպես հայտնել են Հարավային Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միավորված կոմիտեում (JCS), դեկտեմբերի 18-ին Հյուսիսային Կորեան արձակել է հեռահար գործողության հրթիռ Փհենյանից կամ նրա մերձակայքից երկուշաբթի, առավոտյան ժամը 8.24-ին, այն թռել է մոտ 1 000 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը։