Ուկրաինայի խոշորագույն թանգարանային համալիրներից մեկը՝ Կիևյան Սոֆիա ազգային արգելոցը, գործարկել է պաշտոնական հայալեզու աուդիոէքսկուրսիա։ Այս մասին հայտնում է AnalitikaUA-ն:
«Սա հիանալի հնարավորություն է ինչպես Ուկրաինայի հայ համայնքի, այնպես էլ աշխարհասփյուռ հայության համար՝ մայրենի լեզվով բացահայտելու Արևելյան Եվրոպայի կարևորագույն սրբավայրերից մեկի պատմությունը։
Տաճարի պատերին մինչ օրս պահպանվել են հայերենով հնագույն գրաֆիտի-արձանագրություններ։
Աննա Բյուզանդացին, ով սերում էր հայկական ծագում ունեցող Մակեդոնական դինաստիայից, առանցքային դեր է խաղացել Կիևյան Ռուսիայի քրիստոնեացման և մշակութային զարգացման գործում։ Լինելով իշխան Վլադիմիր Մեծի կինը՝ նա Կիև բերեց բյուզանդական և հայկական ճարտարապետական ու գեղարվեստական ավանդույթները։ Նրա շնորհիվ Կիև ժամանած վարպետները մեծ ազդեցություն են ունեցել տեղի քարե շինարարության կայացման վրա։
Աննա թագուհու պատմական ժառանգությունը սերտորեն կապված է Կիևի Սոֆիայի տաճարի հետ, որի որմնանկարներում, ըստ հետազոտողների, պատկերված է նրա ընտանիքը։ Տաճարի պատերին պահպանված հնագույն հայերեն արձանագրությունները և դեկորատիվ տարրերը վկայում են հայկական մշակութային ներկայության և այս համաշխարհային սրբավայրում Աննա Բյուզանդացու թողած խորը հետքի մասին։
Այս կապի ժամանակակից խորհրդանիշն է դարձել նաև հայկական խաչքարը, որը տաճարին է նվիրվել Ուկրաինայի հայերի միության կողմից և օծվել 2018 թվականին։ Այն իր արժանի տեղն է զբաղեցրել ազգային արգելոցի գանձարանում՝ մարմնավորելով երկու ժողովուրդների անքակտելի հոգևոր կապը»,- գրված է հաղորդագրության մեջ:



