Խոսքի ազատության սահմանափակման կարգավորումներ...

Ռազմական դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակումները պետք է լինեն համաչափ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների հարցով Սահմանադրական դատարան դիմելուն։

«Մեր Սահմանադրությունն էլ է նախատեսում, որ պետությունը ռազմական դրության ժամանակ իրավունք ունի կոնկրետ իրավունքներ սահմանափակել։ Բայց այդ իրավունքները պետք է լինեն կոնկրետ իրավիճակին համահունչ, անհրաժեշտ ու բավարարի այդ իրավաչափ նպատակներին հասնելու համար։ Դրանից բացի, ռազմական դրության ժամանակ, հասկանալի պատճառներով, լինում են նաեւ խոսքի ազատության հետ կապված սահմանափակումներ, որպեսզի պետությունը կարողանա ճիշտ կառավարել տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցերը։ Պետությունը դա կարող է անել իր քաղաքացիների իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համար։ Դրա հետ մեկտեղ այդ սահմանափակումները պետք է լինեն համաչափ»,- ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ չեն կարող լինել սահմանափակումներ, որոնք անորոշ են, քանի որ դա տարակարծություն է առաջացնում. «Առավել եւս երբ այստեղ խոսքը գնում է լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ լրագրողների եւ բոլոր քաղաքացիների մասին։ Հետեւաբար, այդ կարգավորումները պետք է լինեն բարձր աստիճանի կոնկրետության եւ այնպիսին, որ թե լրագրողի համար, թե լրատվական կազմակերպության համար, թե քաղաքացու համար հստակ պարզ լինի, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ են առկա կոնկրետության աստիճանով եւ որ արարքն, ինչ պատասխանատվության կարող է հանգեցնել»։

Արման Թաթոյանը նշեց, որ այստեղ խնդիրներ են առաջացել նաեւ Ոստիկանության համար. «Եթե նայում ենք խնդրի իրական էությանը, Ոստիկանությանը քննադատել դրա համար անարդար է, որովհետեւ իրենք այդ կարգավորումների իրավական զոհն են»։

Նա ասաց, որ դիմել է ՍԴ՝ ոչ թե զրոյացնելու կամ չեղարկելու այդ պահանջները, այլ կոնկրետություն սահմանելու համար։

«Մենք այստեղ առաջ ենք քաշել 4 հիմնական սկզբունք. առաջինը՝ կարծիքի արտահայտման ազատություն, երկրորդ՝ որոշակիություն, երրորդ՝ համաչափություն եւ չորրորդ՝ չեն կարող պետության ներսում ամրագրված սահմանափակումները լինել ծավալով ավելին քան միջազգային կարգավորումները»,- ասաց Արման Թաթոյանը։