Պաշտոնապես հաստատված է՝ 23 հայեր այս պահին գտնվում են Բաքվում անազատության մեջ, նրանցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացյալ 18 դեպքերը տեղի են ունեցել 2023 թվականին: Այս մասին ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյան՝ ելույթ ունենալով «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին։
Իրավաբանն ասաց, նրանց կարգավիճակի մասին խոսելիս օգտագործվում է գերի, պատանդ տերմինները։
«Պատանդը ճիշտ է նկարագրում նրաց կարգավիճակը՝ հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակման հարցը կապված է ոչ թե կոնֆլիկիտի, այլ քաղաքական պահանջների բավարարման հետ»,- նշեց նա։
Բաքվում անազատության մեջ պահվող 23 անձանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչներ են։
«Այս անձանց ազատ արձակումը կապված է և քաղաքական, և դիվանագիտական, և իրավական աշխատանքի հետ։ Նշեմ, որ խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել այնտեղ գտնվող գերիներին։ Արտաքին աշխարհի հետ կապը բացառպես ապահովում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի շնորհից, բայց արձանագրեմ, որ կոնֆլիկտի վաղ փուլում արգելափակված է եղել նաև կոմիտեի գործունեությունը»,- ասաց իրավաբանը։