Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստ...

«Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունեն: Արշակ Հակոբյանի հետ ընկերական հարաբերություններ երբեւիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչել եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ: Թոխմախի Բաբոյի  հետ ես ծանոթ եմ դեռեւս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈՒ-ում, իսկ ինքը՝ ռազմական ոստիկանությունում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր, ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը, ես էլի իր հետ շփվել եմ մեկ-երկու անգամ՝ գործնական: Այսինքն, ինքը կատարել է իրավախախտում, ես իրեն բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանի՝ Վանեցյանին ուղղված մեղադրանքներին, թե վերջինս մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություններ Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ:

Վանեցյանն ասաց՝ մի ժամանակ հետեւում էր Իոաննիսյանի ասածներին, հետո որ տեսավ՝ անլուրջ բաներ է ասում, էլ սկսեց չհետեւել. «Ծանոթներ, ընկերներ ասում են սենց բան է ասում՝ ծիծաղ է առաջացնում: ԱԱԾ-ն գործում է իր լիազորությունների շրջանակներում, կոնկրետ օրենքների շրջանակներում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր կոնկրետ ուժերից, որոնք հող հանձնելու եւ պատասխանատվությունն այս կառավարության վրա գցելու նպատակ ունեն, հարցին՝ դուք տեղյա՞կ եք, ո՞ր ուժերն են դրանք՝ Վանեցյանը պատասխանեց, որ այդ հարցի վերաբերյալ ցանկացած մեկնաբանությունը այլ կերպ կարող են մեկնաբանել, եթե կլինի հստակ տեղեկատվություն, որ կարող են հրապարակել՝ կհրապարակեն: