Խորհրդարանում հյուրընկալվել է Լիտվայի ԱԳ փոխն...

Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Մենք կարևորում ենք Լիտվայի հետ կապերի խորացումը, տարբեր ոլորտներում ու հարթակներում համագործակցության զարգացումը: Ողջունելով Լիտվայի ԱԳ փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` ասել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Փետրվարի 22-ին կայացած հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակում երկկողմ փոխգործակցությանը: Արման Եղոյանը կարևորել է Լիտվայի դերը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:
 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, մարտահրավերները:

Արսեն Թորոսյանը խոսել է խորհրդարանների բարեկամական խմբերի միջև սերտ հարաբերություններից, ընդգծել, որ դրանք վերջին տարիներին դինամիկ զարգանում են:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկկողմ փոխգործակցության խթանմանն առնչվող այլ հարցերի, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի արտոնագրերի ազատականացմանը: