ԵՄ-ն Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հ...

Եվրամիությունը հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի սեպտեմբերի 18-20-ի ընտրություններից հետո նոր անհատական պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի անունից տարածված հայտարարությունում նշվում է, որ քվեարկությունը, Բրյուսելի գնահատմամբ, «ընդգծել է Ռուսաստանում ժողովրդավարության շարունակական և խորացող էրոզիան՝ ավելի ու ավելի ավտորիտար քաղաքական մթնոլորտի պայմաններում»։

ԵՄ-ն առանձնացրել է նաև «Յաբլոկո» կուսակցության դաշնային ցուցակը ընտրություններին չգրանցելու որոշումը՝ նշելով, որ դրանով սահմանափակվել է ընտրողների ընտրության հնարավորությունը։

Բրյուսելը քննադատել է նաև վարչական և դատական ռեսուրսների օգտագործումը, լրատվամիջոցների ազատության սահմանափակումները և ԵԱՀԿ դիտորդների բացակայությունը։

ԵՄ-ն հայտարարել է, որ կշարունակի աջակցել Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը, իրավապաշտպաններին և անկախ լրատվամիջոցներին։

Միաժամանակ Բրյուսելը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք մասնակցել են Ուկրաինայի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում քվեարկության կազմակերպմանը կամ, ԵՄ գնահատմամբ, պատասխանատու են Ռուսաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը խաթարելու համար։