Խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստան...

Euronews-ը, հիմնվելով իր փաստերի ստուգման ծառայության իրականացրած հետազոտության վրա, լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանի դեմ խորհրդարանական ընտրություններից առաջ իրականացվող պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավի մասին։  

Լրատվամիջոցը նշում է, որ հետազոտողները այն անվանում են վերջին տարիների ամենախոշոր նմանատիպ գործողություններից մեկը։

Հոդվածում նշվում է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանը բախվել է լայնածավալ պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավի։ 

Հետազոտողների տվյալներով՝ մայիսի սկզբի դրությամբ հայտնաբերվել է 343 կեղծ տեսանյութ։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ վերջին տարիներին ավելի խոշոր միայն Մոլդովայի 2025 թվականի ընտրություններին միջամտության արշավն է եղել։

Ըստ հետազոտողների՝ գործողությունը սկսվել է մարտի սկզբին «Մատրոշկա» ցանցի շրջանակում, որը պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավ է և ակտիվորեն օգտագործում է արհեստական բանականության գործիքներ։

Կեղծ տեսանյութերի մի մասում տարածվում է այն թեզը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններում հաղթանակը կարող է հանգեցնել Հայաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի։

Bot-ցանցերն ուսումնասիրող Antibot4Navalny կոլեկտիվը հայտնել է, որ հայտնաբերել է Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ ավելի քան մեկ տասնյակ կեղծ տեսանյութեր։ Դրանցում կրկնվում է «գաղտնի գործարքի» մասին պնդումը, համաձայն որի՝ Ֆրանսիան աջակցում է Փաշինյանին ընտրություններում՝ նրա հաղթանակից հետո Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու խոստման դիմաց։

Մայիսի 11-ին տարածված կեղծ տեսանյութերից մեկում պնդվել է, թե Փաշինյանի մամուլի քարտուղարը հաստատել է Հայաստանում ՆԱՏՕ-ի հրահանգիչների ներկայությունը, իսկ վարչապետը խորհրդարանական ընտրություններից հետո մտադիր է «հրահրել ռազմական հակամարտություն Ռուսաստանի հետ»։

Հետազոտողները նշում են, որ կեղծ տեսանյութերը արշավի միայն մի մասն են։

Նրանց խոսքով՝ bot-ցանցերը սոցիալական ցանցերում, այդ թվում՝ X հարթակում, ակտիվորեն տարածում են նաև կեղծ պնդումներ՝ փորձելով թուլացնել Փաշինյանի դիրքերը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ հրապարակումների դիտումների զգալի մասը, հավանաբար, արհեստականորեն է ապահովվել։ 

Euronews-ը նշում է, որ նախընտրական արշավն ընթանում է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների նկատելի խորացման ֆոնին։ Որպես առանցքային դրվագ առանձնացվում է մայիսի սկզբին կայացած առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Գագաթնաժողովից հետո Կոշտան հայտարարել էր, որ «Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը հստակ ազդակ է ԵՄ-ի՝ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և համագործակցությունն ընդլայնելու հաստատակամության մասին»։

Իր հերթին Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը մտնում է «խաղաղության և ժողովրդավարական համակարգի ամրապնդման նոր շրջան, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման համար»։

Euronews-ը հիշեցնում է նաև, որ գագաթնաժողովից մի քանի օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու համատեքստում զուգահեռներ էր անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի միջև։

Euronews-ի հաղորդմամբ՝ «Մատրոշկա» ցանցից բացի, հետազոտողները արձանագրել են նաև Storm-1516 պրոկրեմլյան ցանցի ակտիվությունը։ Clemson համալսարանի Media Forensics լաբորատորիայի տվյալներով՝ այդ արշավը ևս ուղղված է Նիկոլ Փաշինյանի վարկաբեկմանը։

Գերմանիայի արտաքին հետախուզությունը և Ֆրանսիայի Viginum գործակալությունը Storm-1516-ը բնութագրում են որպես ռուսական տեղեկատվական մանիպուլյացիաների ցանց, որն իրականացնում է համակարգված արշավներ՝ ժողովրդավարական ինստիտուտները ապակայունացնելու նպատակով։

Ըստ Կլեմսոնի համալսարանի հետազոտության՝ ցանցը գործում է առնվազն հունվարից։ Այն տարածում է կեղծ հայտարարություններ Փաշինյանի նախընտրական խոստումների վերաբերյալ, ինչպես նաև մեղադրանքներ, թե նա իբր Եվրասիական տնտեսական միության թվայնացման համար հատկացված 11 միլիոն դոլարն օգտագործել է իր նախընտրական արշավը ֆինանսավորելու համար։

Համալսարանի թվային ազդեցության հարցերով վերլուծաբան Էլլա Մյուրեյի խոսքով՝ Storm-1516-ի մեթոդները ցույց են տալիս, որ ցանցը շարունակում է զարգանալ։

«Նրանք ընդլայնել են ինֆլյուենսերային ցանցերի և կեղծ մարքեթինգային bot-երի շրջանակը։ Բացի այդ, սկսել են օգտագործել կոնկրետ երկրների տեղացի օգտատերեր ներկայացնող հաշիվներ»,- նշել է նա։

Մյուրեյի գնահատմամբ՝ ռուսական ապատեղեկատվական արշավների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է նույն գործոններով, ինչ Մոլդովայում և Հունգարիայում ընտրական գործընթացներին միջամտելու փորձերը՝ պրոարևմտյան քաղաքական գործիչներին վարկաբեկելու և տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը վերականգնելու ձգտմամբ։