
Ուզում ենք նախ և առաջ մեր շնորհակալությունը հայտնել Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի, Ազգային խորհրդի բոլոր այն անդամներին, որոնք դեռ ևս 2024 թվականի դեկտեմբերին ընդունել էին բանաձև: Այս մասին ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Նա նշեց, որ Բանաձևը, որը կոչվում է «Խաղաղության համաժողով Լեռնային Ղարաբաղի համար» և որի հիմնական ուղերձը այն է, որ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ կատարվել է Արցախի ժողովրդի հետ և գտնում է, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա լսված լինելու, պետք է ձևավորվի հարթակ, որ հնարավորություն կտա Արցախի ժողովրդին ներկայանալու և քննարկելու իր իրավունքները, այդ թվում նաև վերադարձի իրավունքը:
«Գիտեք, սա շատ կարևոր, նշանակալի քայլ է և ինձ համար անձամբ որևէ ձևով տարօրինակ չէ, որ այդ քայլը հենց նախաձեռնվել է և իրականացվել է Շվեյցարիայի նման պետության կողմից, որովհետև տարիներով, չեմ սխալվի, դարերով դա մի պետություն է, որը մշտապես իր գործով ապացուցել է, որ բարձր է գնահատում և առաջնային է համարում մարդու իրավունքներն ու հումանիզմը և պատրաստ է շարունակել լինել այդ հարցում առաջամարտիկ պետություն։ Այսօրվա հավաքի նպատակներից մեկը նաև այն է, որ մեր խնդրանքն ուղղենք Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավորներին, թվով 46 հոգի, մարդիկ, ովքեր սույն թվականի մարտի 18-ին քննարկելու են խորհրդարանում նույն բանաձևն ընդունելու հարցը և եթե այս պալատում ևս բանաձևն ընդունվեց, ապա այն օրենքի ուժ է ստանում և դրանից բխում է, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի այդ բանաձևում ամրագրված պարտավորությունները և պատասխանատվությունը ի կատար ածելու համար»,- ասաց նա։
Նա ՀՀ քաղաքացիների անունից դիմեց Շվեյցարիայի պառլամենտի վերին պալատի անդամներին և ասել, որ ստորին պալատի կողմից ընդունված բանաձևը մեր ժողովրդի համար որպես հույսի և լույսի շողեր։
«Մենք խնդրում ենք, որ վերին պալատը ևս հավատարիմ մնա մարդու իրավունքների, հումանիզմի գաղափարներին և ևս կանաչ լույս վառի այդ բանաձևի համար։ Կանգնի, ինչպես ասում են պատմության ճիշտ կողմում և իր քայլով ևս մեկ անգամ ապացուցի, որ Շվեյցարիայի նման պետությունը հաշտ չէ տեղի ունեցողի հետ: Հաշտ չէ 150,000 անձանց բռնի տեղահանության, էթնիկ զտման, նրանց պատմական, մշակույթային ժառանգության ոչնչացման, նրանց հայրենազրկման հանգամանքի և իրավիճակի հետ։ Եվ ոչ միայն հաշտ չէ, այլ նաև պատրաստ է ստանձնել պատասխանատվություն այդ անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Մենք այսօր մեր հավաքի վերջում նաև նամակ ենք փոխանցելու, որն ուղղված է լինելու Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարին, որը, ըստ էության, ևս խնդրանք է պարունակում կառավարության դիրքորոշումը հօգուտ այդ բանաձևի արտահայտելու և հօգուտ մարդկանց խախտված իրավունքների վերականգնման արտահայտելու»,- ասաց նա: