Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը նախազգուշացրել է Պարսից ծոցում իրանական կղզիները զավթելու փորձերի համար։ Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, նրա խոսքով՝ ցանկացած ագրեսոր, ով ոտնձգություն կկատարի երկրի տարածքի նկատմամբ, «կհայտնվի դժոխքում»։ Համապատասխան նախազգուշացումը հնչել է տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին։
Արեֆն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկրի սահմանները։ Նա հայտարարել է, որ Իրանի տարածքի նկատմամբ, հատկապես Պարսից ծոցի գոտում և հարակից կղզիներում իրականացվող ցանկացած ոտնձգություն վճռական պատասխան կստանա։
«Ցանկացած ագրեսոր, ով ոտնձգություն կանի Իրանի տարածքի նկատմամբ, հատկապես Պարսից ծոցում և իրանական կղզիներում, կբախվի վճռական, զղջում առաջացնող և անդառնալի պատասխանի, իսկ ագրեսոր զինվորների միակ վերջնակետը դժոխքն է», — զգուշացրել է նա։



