Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ միմյանց փոխանցվող տարբերակներով ոչ իդեալական, բայց փոխընդունելի որոշ ձևակերպումներ կարողացել են գտնել, սակայն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե կա՞ մի հարց, որի շուրջ հնարավոր է եղել համաձայնության հանգել և, թե ո՞ւմ միջնորդությամբ են տեղի ունենում խաղաղության պայմանագրի առաջարկների փոխանակումները:
Մինչև այս պահը ստացվել է 4 ադրբեջանական փաստաթուղթ և առայժմ 3 հայկական փաստաթուղթ: Վերջինը հայկական կողմը ստացել է և դեռևս չի ձևակերպել իր արձագանքը:
«Բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել: Ընդ որում, ես նույնիսկ չէի չափի, թե քանիսն ադրբեջանական առաջարկով, քանիսը՝ հայկական: Այսինքն՝ քննարկումներ, մտքերի փոխանակումներ են եղել, ինչ-որ փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են: Ցավոք սրտի, սա վերաբերվում է ոչ առանցքային, առաջին կարևորության հարցերի: Բոլոր առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են: Եվ դրանց հիմնական մասում, չեմ վարանի ասել, կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից»,-ասել է Միրզոյանը:
Սակայն նա վերահաստատել է՝ բազմաթիվ այլ հարցերում, այլ նախադասությունների, մտքերի դեպքում հնարավոր եղել է հասնել փոխզիջման:
ԱԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ այս բանակցային գործընթացում միջնորդություն չկա, բանակցություններն ընդունված են համարել երկկողմ:
«Այլ բան, որ ցանկացած այդպիսի քննարկում, հանդիպում եղել է որևէ քաղաքում՝ որևէ երրորդ երկրի կազմակերպմամբ, բացմամբ, ամփոփմամբ»,-ասել է Միրզոյանը:
Հայաստանը պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին մանրամասն տեղեկացնում է մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին: Միրզոյանը խնդիր չի տեսնում, որ ընդդիմադիր պատգամավորներին ևս տեղեկացնեն այդ մասին, այսպիսով Ագնեսա Խամոյանին հրավիրել է ԱԳՆ:
Անդրադառնալով հարցին, թե Արևմուտքի՞, թե՞ ՌԴ-ի տարբերակով են առաջ շարժվում՝ Միրզոյանն ասել է.
Այսպիսով, նրա խոսքով՝ ոչ հավաքական Արևմուտքը, ոչ էլ առանձին երկիր տարբերակ չի առաջարկել:



