
2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարելուց 10 օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ մրցանակը պետք է տրվի հենց իրեն: «Ցանկացած այլ որոշում Միացյալ Նահանգներին ուղղված վիրավորանք կլինի»,- ասել է նա՝ Վիրջինիա նահանգի Քվանտիկո ռազմաբազայում ամերիկացի բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ:
Նա վստահեցրել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը ցանկանում է ոչ թե անձամբ իր, այլ Միացյալ Նահանգների համար։
Թրամփը բազմիցս պնդել է, որ հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր դադարեցրել է յոթ պատերազմ՝ մասնավորապես նշելով Հնդկաստանի և Պակիստանի, Եգիպտոսի ու Եթովպիայի, ինչպես նաև Սերբիայի և Կոսովոյի միջև հակամարտությունները։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ժամանակ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին, պատասխանելով DW-ի հարցին, խոստացել է Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե նա կարողանա վերջ դնել Ուկրաինայում պատերազմին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ Օսլոյում Նոբելյան կոմիտեին կոչ է արել խաղաղության մրցանակը շնորհել ԱՄՆ նախագահին՝ հղում անելով՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելուն ուղղված Թրամփի ջանքերին: Նմանատիպ քայլ ձեռնարկել են նաև Պակիստանի իշխանությունները: